ՌԱԴԻՈ

Այսօր ասում են` հայաստանցի–ղարաբաղցի, վաղը կասեն՝ երևանցի–գյումրեցի. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայաստանցիների ու արցախցիների միջև տարանջատում մտցնելու փորձերին։
Sputnik
Հայկական միասնական ազգի ձևավորման ճանապարհին միշտ ի հայտ է գալու նաև տարանջատման, պառակտման խնդիրը, որի արմատներն այսօրվա իրողություններում փնտրելն ամենասխալ բանն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Խորքային խնդիրը, ըստ Պողոսյանի, այն է, որ չկա հավաքական ընկալում, որ բոլորս հայ ենք, և երբ ուժեղ լինելու գիտակցում չկա՝ պարտվելիս բոլորը բոլորին տարանջատում են ու մեղավորներ փնտրում, հետևաբար Պողոսյանին չի զարմացնում, որ ՀՀ գործադիր իշխանությունն այսօր դրսևորում է նույն վարքագիծը։
«Ցավոք, ոչ միշտ է գիտակցվել, որ նման պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Օրինակ, 2008 թվականին ու դրանից առաջ էլ նույնպես կային նման տարբերակումներ, որոնց հանրագումարը բերեց այսօրվա արդյունքին։ Այսինքն` պառակտումը մեզ բերել է պարտության։ Պառակտողներն այն անձինք են, ովքեր ուրիշների մեջ են փնտրում իրենց մեղավորությունը։ Այսօր նրանք ունեն խնդիրներ` ասում են հայաստանցի–ղարաբաղցի, վաղը կունենան սոցիալական խնդիրներ` կասեն երևանցի–գյումրեցի»,– պարզաբանեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։
Այս ամենը, ըստ քաղաքական գործչի, Հայաստանում ձեռնտու է ապազգային տարրերին, ովքեր կարողանում են նման իրավիճակից օգտվել, և եթե գործող իշխանությանը պետք է բոլոր մեղքերը բարդել ուրիշների վրա, սկսում է հասարակությանը պառակտել։ Նրանք, ովքեր չեն ուզում կրել պատասխանատվություն ամբողջ ազգի ու հայրենիքի անվտանգության համար, ասելու են, թե կողքիններն են մեղավոր, ուստի երևանցի, գյումրեցի, ղարաբաղցի և առհասարակ «ցիերի» բաժանումն օգտագործում են նեղ նպատակների համար։ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես օգտվում են դրանից։
Պողոսյանի կարծիքով` գործող իշխանությանը ձեռնտու չէ ազգային միասնության ձևավորումն ու խնդիրների համատեղ լուծումը, որովհետև պարզ երևալու է մինչ այդ վարած սխալ քաղաքականությունը, ուստի նպատակահարմար են մանիպուլացիան ու տարատեսակ շահարկումները։ Պողոսյանի համոզմամբ` այս իրավիճակից դուրս գալու միջոցը քաղաքական ազգի վերածվելն է, թեև դա մեկ օրվա հարց չէ։
«Գործող իշխանությունը շարունակ խոսում է նախկինների մասին, իսկ վերջիններս էլ անհասկանալի, կիսատ–պռատ ժամանակահատվածների մեջ են։ Եթե մենք ունենանք ազգային երազանք, միասնական ուժերով ձգտենք հասնել մեր առջև դրված նպատակներին` շեշտելով մեր ընդհանուր ծագումնաբանությունը, երբ դարձնենք դա որպես գերակա ուղղություն, այդժամ շատ բան կշտկվի։
Կողքինի հանդեպ սիրո, նրա ցավը տանելու զգացողության պակաս կա։ Այլևս արցախցու, սյունեցու ցավը չե՞նք տանում։ Եթե միասնական գիտակցումը չլինի և ազգային երազանքը կյանքի չկոչվի, միշտ ի հայտ կգան տարանջատումներ, որից օգտվել են, օգտվում են ու դեռ օգտվելու են արտաքին թշնամիները»,– ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։