Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը. Կրեմլը որոշ մանրամասներ է հայտնում

Էրդողանն ու Պուտինը
Ավելի վաղ Էրդողանի գրասենյակը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը Պուտինին առաջարկել է ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպում անցկացնել Ստամբուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի վերաբերյալ քննարկմանը կարևորել են Սև և Ազովի ծովերում անվտանգ նավագնացություն ապահովելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինն ընդգծել է` ռուսական կողմը պատրաստ է աջակցել բեռների անարգել տարանցմանը՝ թուրք գործընկերների հետ համակարգմամբ։ Դա վերաբերում է նաև հացահատիկը ուկրաինական նավահանգիստներից դուրս բերելուն։
«Արևմտյան պետությունների ֆինանսատնտեսական անհեռատես քաղաքականության հետևանքով պարենի համաշխարհային շուկայում առաջացած խնդիրների համատեքստում հաստատվել է, որ Ռուսաստանը կարող է պարարտանյութերի և գյուղատնտեսական արտադրանքի զգալի ծավալներ արտահանել համապատասխան հակառուսական պատժամիջոցների սահմանափակումների վերացման դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև տարածաշրջանային քաղաքականության մի շարք հարցերի, քննարկել են երկկողմ համագործակցությունը։
Էրդողանը Պուտինին առաջարկել է Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա-ՄԱԿ ձևաչափով հանդիպում անցկացնել
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 96-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։