ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարվա մայիսին ընդհանուր առմամբ 3.1 մլրդ դրամ (ավելի քան 6 մլն դոլար) պարգևատրում են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից` պատասխանելով մեր հարցմանը։
«Մայիսի ընթացքում ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) հատկացվել է ամսական (ապրիլ ամսվա համար) պարգևատրում 711,7 մլն դրամ (1,5 մլն դոլար), ինչպես նաև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում` 2,41 մլրդ դրամ (ավելի քան 4,5 մլն դոլար) գումարներով», – ասվում է գերատեսչության պատասխանում։
Ոստիկանության մամուլի ծառայությունը չի նշել պարգևատրում ստացած աշխատակիցների հստակ թիվը, սակայն հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի` 2018 թվականի սեպտեմբերի որոշմամբ սահմանված ոստիկանության առավելագույն թիվը 15378 միավոր է:
Հատկանշական է, որ այս թիվը չի ներառում ոստիկանության զորքերը։ Ի դեպ, նրանց թվաքանակը գաղտնագրված է։
Հիշեցնենք` մայիսի 20-ին գերատեսչությունը հայտարարել էր, որ 2015-2016 թվականներին ոստիկանության աշխատակիցները տարեկան երեք անգամ են պարգևատրում ստացել, 2017-ին` 2 անգամ, 2018-ին` երեք, այդ թվում` երկու անգամ ապրիլին և մեկ անգամ դեկտեմբերին։
2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ, տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ 2020-2021 թվականներին, բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։