ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայկական ատոմակայանը պատրաստվում է ցածր և միջին ակտիվության պինդ թափոնների համար նոր պահեստարան կառուցել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
Մինչև տարեվերջ ատոմակայանը պատրաստվում է ընտրել կապալառուներին (մասնագիտացված ընկերություններից) և շինարարության մասին պայմանագիր կնքել։
Վարդանյանը նշեց, որ անհրաժեշտ կլինի կազմել նախագծի և թափոնների վերամշակման տեխնիկական բնութագիրը։ Ներկա պահին նման թափոնների վնասազերծման մի քանի տեխնոլոգիա կա, մասնավորապես` ապակեպատում և բիտումացում, այսինքն` դրանք «եփում» են հեղուկ ապակու կամ բիտումի հետ։ Առաջին տեխնոլոգիայի համաձայն` թափոնները խառնում են ապակու ձուլման պրոցեսում։ Այդպիսով նրանք «կապված են մնում» ապակու ներսում և չեն ճառագայթում դեպի արտաքին միջավայր։ Երկրորդի համաձայն` թափոնները խառնում են բիտումի հետ (ծանր նավթամթերք), որը ևս թույլ չի տալիս, որ ճառագայթումը տարածվի։
«Հայաստանում նման տեխնոլոգիաներ նախկինում չեն կիրառվել, բայց սկզբունքորեն հնարավոր է մեր աշխատակիցներին սովորեցնել դրանք», – հավելեց Վարդանյանը։
Պահեստարանները կառուցվելու են միայն թափոնների համար, այլ ոչ աշխատած միջուկային վառելիքի (դրա համար առանձին պահեստարան է կառուցվում)։ Պինդ թափոնների թվում են աղտոտված գործիքներն ու նյութերը, որոնք օգտագործվում են կայանում աշխատելու համար։
Զուգահեռաբար ատոմակայանում մտադիր են աշխատած վառելիքի պահման համար նոր բլոկ կառուցել։ Խորհրդային տարիներին այն ՀՀ տարածքից դուրս էր բերվում, իսկ միության փլուզումից հետո սկսեցին պահել ատոմակայանի տարածքում։
Դրա համար ԱԷԿ–ում տարբեր տարիներին 3 պահեստարան է կառուցվել ֆրանսիական տեխնոլոգիայով (Framatome ընկերության)։ Այժմ նախապատրաստվում են կառուցել չորրորդը։ Արդեն իսկ հաստատված ծրագրով այն պետք է կառուցվի մինչև 2025 թվականը։