Էրդողանը Պուտինին առաջարկել է Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա-ՄԱԿ ձևաչափով հանդիպում անցկացնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի -Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ստամբուլում հանդիպում կազմակերպել ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ պատվիրակությունների միջև։ Այս առաջարկը նա արել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Էրդողանի գրասենյակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 96-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։