Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի գործընկերոջ` Վլադիմիր Զելենսկուն հեռախոսով հայտնել է, որ հատուկ նշանակություն է տալիս ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը ծովային ճանապարհով արտահանելու համար անվտանգ միջանցք ստեղծելու նախագծին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Էրդողանը հայտարարել է, որ իրենք բոլոր ջանքերը գործադրել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակելու համար և պատրաստ են այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, այդ թվում` միջնորդական»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիտանիան և նրա դաշնակիցները, ներառյալ ՆԱՏՕ-ի երկրները, ուկրաինական հացահատիկը Օդեսայից Սև ծովով արտահանելու համար քննարկում են ծովային պահակախմբեր ձևավորելու հնարավորությունը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 96-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։