ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Ընդհանուր առմամբ` պատվաստվել է 2 199 416 անձ, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 134 399 է։ Ամբողջապես պատվաստվածների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը` ամբողջապես պատվաստվել է 1 006 554 քաղաքացի։
Բացի այդ, քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ ստանալ։ Նրանց թիվը 54 415 է։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի դրությամբ ամբողջապես պատվաստված էր 1 003 725 քաղաքացի, իսկ առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 132 945 էր։ Նախորդ շաբաթվա տվյալներով` բուստեր ստացել էր 52 757 անձ։