Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև, կան բերման ենթարկվածներ. լուսանկարներ

Ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ մեկ տասնյակ ցուցարարների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև արդեն երկրորդ անգամ սկսված բախումն ու հրմշտոցն ավարտվեց շուրջ մեկ տասնյակ ցուցարարների բերման ենթարկելով։
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակտիվիստներին` որոշ դեպքերում նույնիսկ չլսելով նրանց պարզաբանումները։ Նրանց թվում էր «Երկիր» կայքի խմբագիր Վահե Գրիգորյանը, որին բերման ենթարկելիս քաշքշելով պատռեցին վերնաշապիկը` այն բառացիորեն երկու կես անելով, ու թույլ չտվեցին, որ նա ցույց տա լրագրողական վկայականը։
Ավելի ուշ սակայն, Վահե Գրիգորյանը դուրս եկավ ոստիկանության «Գազելից» ու հայտնեց, որ ներսում ինքն ի վերջո կարողացել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը, ինչից հետո իրեն ազատ են արձակել։
Ի դեպ, բերման ենթարկվողների ու ոստիկանների միջև նաև հրապարակման ոչ ենթակա բառամթերք` հայհոյանք էր գործածվում այդ ընթացքում։
Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև
Իրարանցումն ավարտվեց այն ժամանակ, երբ «Դիմադրության» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նալբանդյան փողոցով երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Երթն առաջնորդող Սաղաթելյանի շապիկը ևս պատռվել էր հրմշտոցի ժամանակ։
Նշենք, որ մինչ այդ հայտնի դարձավ նաև, որ ակցիայի ընթացքում տեղի ունեցած նախորդ հրմշտոցի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ։ Տուժողների թվում նաև ոստիկաններ են եղել։
1 / 7

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև

2 / 7

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև

3 / 7

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև

4 / 7

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև

5 / 7

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև

6 / 7

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև

7 / 7

Բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև

Ինչպես հաղորդել ենք, «Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասել էին նախարարությունների այս մասնաշենքի մոտ։
Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ այսօրվանից այցելելու են պետական գիտական, կրթական տարբեր հաստատություններ` ներկայացնելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին իրենց հայտարարության տեքստը։
Հավելենք, որ մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում, ի թիվս այլ դրույթների, նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։