2 ցուցարար և 2 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Բողոքի ակցիա
Տուժած քաղաքացիները մասնագետների հսկողության ներքո ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է4 քաղաքացի: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա»,- գրել է նա:

Դանիելյանը նաև տեղեկացրել է, որ տեղափոխվածները հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշվում է, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ գտնվող «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև ակցիայի ժամանակ հրմշտոց է սկսվել։ Կադրերում երևում է, որ որոշ մարդկանց ինքնազգացողությունը հրմշտոցից վատանում է։
Ինչպես հաղորդել ենք, «Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասան նախարարությունների այս մասնաշենքի մոտ։
Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այսօրվանից այցելելու են պետական գիտական, կրթական տարբեր հաստատություններ` ներկայացնելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին իրենց հայտարարության տեքստը։
Հավելենք, որ մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում, ի թիվս այլ դրույթների, նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։