154 արձանագրություն է կազմվել. մեկ շաբաթում Երևանի բյուջե է մուտքագրվել շուրջ 64 մլն դրամ

Երևանի քաղաքապետարան
Դատարանները հիմա քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ շուրջ 1700 գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները վերջին շաբաթվա ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ 154 արձանագրություն են կազմել։ Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտնեցին պատասխանատուները։
Ոստիկանության Երևանի ստորաբաժանումներում քննվում է վարչական իրավախախտման 204 դեպք։ Դրանցից վարչական տուգանքի գանձման որոշում է կայացվել 97 դեպքով։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 380 հազար դրամ։
Նշված ժամանակահատվածում ավտոմեքենաների կայանման խախտումների վերաբերյալ կազմվել է 15850 արձանագրություն, որի հետևանքով 79 մլն 250 հազար դրամի վարչական տույժ է կիրառվել։
Սխալ տեղում թափված աղբի համար կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 13 արձանագրություն։ 10 վարչական գործով դրանցից տուգանք գանձելու որոշում է կայացվել։
Այսպես` մեկ շաբաթվա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններից Երևանի բյուջե է մուտքագրվել 64 մլն դրամ։
Ներկայում դատարանները քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ շուրջ 1700 գործ։
Չնախատեսված վայրում թափված աղբի համար տուգանքը կավելանա 10 անգամ. քաղաքապետարան