ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երեկ Տավուշի մարզի Խորանաշատ եկեղեցում 5 տարվա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել, տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Նշենք, որ առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո 5 տարի առաջ էր Խորանաշատում պատարագ մատուցվել։
«Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։
Ի դեպ, «Խորանաշատի Ավետարան»-ը (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:
Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ. ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հավելենք, որ վանքը հիմնադրվել է 13-րդ դարի առաջին կեսին։ Խորանաշատ է կոչվել տասը խորան ունենալու համար։ Այն հիմնել է Վանական Վարդապետ Տավուշեցին. այժմ կիսավեր վիճակում է։