Իրանը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիայի դեմ ուժ կիրառելուց

Թուրք զինվորական՝ Սիրիայի սահմանի մոտ. Արխիվային լուսանկար
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ուժի կիրառումն ավելի կբարդացնի իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել անվտանգության ոլորտում իր խնդիրները լուծել երկխոսության միջոցով` հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ իր հարևանների դեմ ռազմական ուժ կիրառելուց: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն, տեղեկանում ենք Tasnim-ից։
Նա նշել է, որ Իրանը դեմ է այլ երկրների տարածքում վեճերի լուծման նպատակով ուժի կիրառմանը: Հաթիբզադեի խոսքով` Թեհրանը նման ռազմական գործողությունները դիտարկում է որպես այդ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում և կարծում է, որ դա միայն կբարդացնի իրավիճակը:
Նա հավելել է, որ վերջին տարիներին կուտակված փորձը ցույց է տվել` այլ երկրներում ռազմական գործողությունները ոչ միայն չեն նպաստում երկկողմ վեճերի լուծմանը, այլև լուրջ հումանիտար հետևանքներ ունեն և էլ ավելի կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում։