ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերը հայելային կերպով հետ քաշել։ ԱԳՆ–ն նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով երեկ ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայ զինծառայողի զոհվելու դեպքին։
Հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չէր հաջողվել։
«Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքները ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է»,–ասված է ԱԳՆ հայտարարությանմեջ։
Միաժամանակ, ԱԳՆ–ն դատապարտում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը` ասելով, որ սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
ԱԳՆ–ն հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քկմ տարածք: Նշվում է նաև, թե հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։
ԱԳՆ–ն հիշեցնում է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունով հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն ներխուժել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Փառուխ գյուղը, մինչ այժմ վերացված չեն։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կարևոր է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը։
ԱԳՆ–ն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած հանձնառությունները։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը մայիսի 27-ին Կովսականում (Զանգելան) հայտարարել է, որ Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը.«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Մենք լուծել ենք այդ հարցը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի» ։
Ալիևը շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցեց դա։ «Այո, Հայաստանը կրկին բարձրացրեց այդ հարցը և, ինչպես ասում են, գլուխը խփում է պատերին, բայց այդպիսին է իրականությունը, և այդ իրականության հետ պետք է հաշտվել»,- նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։