ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի 30-ին բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Երկուշաբթի հեռախոսազրույց կունենամ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նախագահների հետ։ Մենք հետայսու ևս կողմերին կոչ ենք անելու օգտագործել երկխոսության և դիվանագիտության ուղիները»,–ասել է նա։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ Պուտինի` երկուշաբթի օրվա ծրագրում նախատեսված է զրույց Էրդողանի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստան-Ուկրաինա բանակցություննեի հերթական փուլը։
Ապրիլի 12-ին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին տեղեկացրել էր, որ Կիևը, հրաժարվելով բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը փակուղի է մտցրել։