ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԵՄ–ն Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների հարցն է քննարկում, ներառյալ նավթային էմբարգոն. բանակցությունները բարդ են ընթանում, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երկուշաբթի տեղի կունենա մշտական ներկայացուցիչների կոմիտեի նոր նիստը»,-հայտնել է նա։
Նշվել է նաև, որ այս առնչությամբ հստակություն կարելի է ակնկալել հենց այդ օրը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպում էին անցկացրել Բրյուսելում ՝ քննարկելու հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Անհամաձայնության առանցքում եղել է ռուսական նավթի ներմուծման էմբարգոյի կետը։ Ընդ որում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ընդգծել էր, որ այդ փաթեթի ընդունման համար որոշում պահանջող հարցերը «զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»:
Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքի կապակցությամբ մտահոգություն են հայտնել Հունգարիայի իշխանությունները։ Նրանց խոսքով՝ երկիրը հսկայական վնասներ կկրի այդ միջոցառման պատճառով։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 95-րդ օրը։