Ուր և ինչու են տարել «Սասնա ծռեր» խմբի անդամներին. փաստաբանի մեկնաբանությունը

«Սասնա ծռեր» խմբի անդամները
Վաղ առավոտից լուրեր էին տարածվել, որ իրավապահները կազմակերպության անդամներին տարել են անհայտ ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Սասնա ծռեր» զինված խմբի մի քանի անդամների փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով խմբի անդամներին առևանգելու լուրերին։
«Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք ու պատճառ նշելու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել և տեղափոխում է Երևան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել»,– նշել է նա։
Ավելի ուշ փաստաբանին տեղյակ են պահել, որ ոստիկաններն այցելել են նաև խմբի մեկ այլ անդամի` Վարուժան Ավետիսյանի բնակարան:
«Իսկ սա նշանակում է, որ «Սասնա ծռերի» նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ»,– եզրափակել է Շուշանյանը։
Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Հայկ Մարտիրոսյանն առավոտյան հայտնել էր, որ ձերբակալվել են ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը և «Սասնա ծռեր» խմբի այլ հայտնի անդամներ։ «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տասը տղամարդ, որոնցից հինգը` ոստիկանի համազգեստով, առավոտյան ներխուժել են իր պաշտպանյալի տուն և, առևանգելով նրան, տարել են անհայտ ուղղությամբ։
Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհել էր ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվել էին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
Դեռևս 2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։
Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասին նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրել են ազատության մեջ։
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները։ Իսկ վճռաբեկ դատարանը մերժել էր գործը վարույթ ընդունել։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկանքի համաձայն` «Սասնա ծռերի» 41–հատորանոց գործը երեկ` մայիսի 27-ին, հանձնվել է արխիվ։