Պավլիկ Մանուկյանին առևանգել են ու տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան

Պավլիկ Մանուկյան
Փաստաբանը պահանջ է ներկայացրել ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու գլխավոր դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Այսօր առավոտյան` ժամը 06:30-ին, թվով տասը տղամարդ, որոնցից հինգը` ոստիկանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և, առևանգելով նրան, տարել են անհայտ ուղղությամբ»,– գրել է Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման:
Փոստանջյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Պահանջում եմ հրապարակել որոշումը, եթե իհարկե գոյություն ունի, համաձայն որի` իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից, տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ։ Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք` ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում»,– նշել է փաստաբանը:
Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Հայկ Մարտիրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան ձերբակալվել է ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նա նշել էր, որ ձերբակալվել են նաև «Սասնա ծռեր» խմբի այլ հայտնի անդամներ։
Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհեց ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։
Դեռևս 2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակել էր դատավճիռը, համաձայն օրի` Պավել Մանուկյանն ազատազրկման էր դատապարտվել 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։
Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասին նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրել են ազատության մեջ։
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները։ Իսկ վճռաբեկ դատարանը մերժել էր գործը վարույթ ընդունել։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկանքի համաձայն` «Սասնա ծռերի» 41–հատորանոց գործը երեկ` մայիսի 27-ին, հանձնվել է արխիվ։