ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մայիսի 27-ին հնչեցրած հայտարարություններին։ Հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Հայկական կողմի գնահատմամբ` դրանք ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։
«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նախարարությունը վերահաստատում է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը` շարունակելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։
Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում ԼՂ հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։
«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ: Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը մայիսի 27-ին Կովսականում (Զանգելան) հայտարարել է, որ Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Մենք լուծել ենք այդ հարցը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի»,–ասել է նա։
Ալիևը շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցեց դա։ «Այո, Հայաստանը կրկին բարձրացրեց այդ հարցը և, ինչպես ասում են, գլուխը խփում է պատերին, բայց այդպիսին է իրականությունը, և այդ իրականության հետ պետք է հաշտվել»,- նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։