Գերմանիայի ՊՆ-ի ներկայացուցիչը պատահաբար պետական գաղտնիք է հայտնել

Տանկ
Մյոլերը պատասխանել է այն քննադատությանը, թե դաշնային կառավարությունը դանդաղ է համաձայնեցնում Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Գերմանիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Զիմտյե Մյոլերը պատահաբար պետական գաղտնիք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հարցազրույցներից մեկում Մյոլերը, ի պատասխան այն քննադատությանը, թե դաշնային կառավարությունը դանդաղ է համաձայնեցնում Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը, ասել է, որ դա ոչ թե գերմանական իշխանության մեղքն է, այլ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր դիրքորոշումը:
Գերմանական լրատվամիջոցներն ավելի ուշ պարզել են, որ գրավոր սահմանափակումներ չկան, իսկ պայմանավորվածությունը բացառապես բանավոր է։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի աղբյուրները գերմանական dpa գործակալությանը հայտնել են, որ նման պայմանավորվածություն իսկապես կա: Ընդ որում` այն ապրանքների անվանացանկը, որոնք որոշվել է չտրամադրել Ուկրաինային, չի սահմանափակվում տանկերով ու հետևակի մարտական մեքենաներով, նաև մարտական ինքնաթիռներ ու հարձակողական մի շարք այլ զինատեսակներ է ներառում:
Աղբյուրի խոսքով՝ դաշինքն այդպիսովփորձում է նվազեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական հակամարտության ռիսկը:
Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկն ասել էր, որ Գերմանիան բավականաչափ օգնում է Ուկրաինային, սակայն չի կարող կատարել նրա բոլոր պահանջները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 94-րդ օրը։