Եթե մերօրյա հանրապետությունը կա և շարունակում է իր ընթացքը, ապա ակունքներով պարտական է Առաջին հանրապետության ձևավորմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը` վկայակոչելով Առաջին հանրապետության պետական այրերի խոսքն ու անդրադառնալով օրվա խորհրդին։
«1918 թվականի քաոսից, ոչնչից ստեղծվեց պետականություն, որտեղ նույնիսկ հստակ արտաքին ու ներքին սպառնալիքների պայմաններում դրվեց դեմոկրատական համակարգի հիմքը, ու թեև այդ պետականությունը տևեց ընդամենը երկու տարի, բայցևայնպես Հայաստանին հետագայում խորհրդային միութենական մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունք ընձեռեց»,- նշեց նա։
Պատմությունը զարգացող գործընթաց է, որում մի փոքր կերպափոխված երևույթներն ու իրադարձություններն ունեն կրկնվելու հատկություն, ուստի, ըստ Հովհաննիսյանի, հաջողում են այն ժողովուրդները, որոնք դիմագրավում են մարտահրավերներին և կարողանում են խելամտորեն օգտվել հնարավորություններից։ Ըստ նրա` հայ ժողովուրդը երբեմն մարտահրավերներին շատ ավելի արդյունավետ է դիմագրավում, բայց հնարավորություններից ավելի քիչ է օգտվում, ուստի այն ազգերը, որոնք չեն օգտվում հնարավորություններից, շուտով ստիպված կանգնում են նոր մարտահրավերների հրամայականի առջև։
«Մեր պատմության անկախության այս շրջանը կարելի է համարել հնարավորության շրջան, բայց, ցավոք, վերջին տարիներին կրկին մոտեցանք մարտահրավերների փուլին, ինչը, ըստ էության, հնարավորություններից ճիշտ չօգտվելու հետևանք էր, իսկ այդ ներքին ու արտաքին մարտահրավերների փուլը պայմանավորված է հիմնականում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմով։ Եթե մարտահրավերը չհաղթահարվի, ապա կորուստները կլինեն ավելի ցավալի, որովհետև պատերազմները սովորաբար չեն ավարտվում միայն մարդկային ու տարածքային կորուստներով»,- նշեց պատմաբանը։
Հովհաննիսյանի խոսքով`վտանգները կարող են առաջանալ ընդհանուր ապատիայից, ոգու անկումից, գաղափարական ընկալումների վակուումից, ուստի այդ պայմաններում մեզ կարող են ապագա տեսլականի կտրվածքով հրամցնել շատ վտանգավոր երևույթներ, արժեքներ, զիջումներ։ Պատմաբանի համոզմամբ` վտանգավոր մարտահրավերների շեմին մեզ անհրաժեշտ է խոհեմություն, վճռականություն, հայի հետին խելքի իմաստնություն, այլապես կունենանք անդառնալի կորուստներ, թեև կյանքը ցույց է տալիս, որ պատմությունից դասեր քաղել չենք սիրում։
Հիշեցնենք` Հայաստանում այսօր նշվում է Հանրապետության օրը։
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Հանրապետության օրվա առաջին տոնակատարություններն անցկացվեցին Արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։