ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկը միշտ չէ, որ հարթ է ընթացել։
Super պարբերականը առանձնացրել է սկանդալների այն ընտրանին, որոնք կարող էին լրջորեն վնաս հասցնել միջոցառման համբավին։
«Կուրծքդ ցո՛ւյց տուր»
Երկրորդ կարգի ֆիլմերի դերասանուհի Սիմոնա Սիլվան 1954 թվականին դարձավ Կաննի գրեթե ամենաքննարկվող կերպարը։ Փառատոնի թեժ պահին նա հայտնվեց Կրուազետում նուար (կինոմատոգրաֆիական տերմին, որը վերագրվում է 1940-1950-ականների Հոլիվուդյան քրեական դրամաներին) ֆիլմի հերոս Ռոբերտ Միթչեմի հետ լուսանկարվելու համար։ Այդ ժամանակ լուսանկարիչներից մեկը խնդրեց Սիլվային ցույց տալ կուրծքը, և վերջինս հոժարակամ համաձայնեց։
Հետո սկսվեց ամենահետաքրքիրը. ծովափից հանդիսատեսի և թղթակիցների մի ամբոխ վրա տվեց` կնոջ կրծքին նայելու։ Հեռավոր 1954 թվականին սա չլսված բան էր։ Ինչպես հետագայում պատմում էին ականատեսները, հետաքրքրասերներից երեքը ծովն ընկան, երկուսն էլ կոտրվածքներ ստացան։
«Օրուգիշեր զվարճացողները» և մեռած աղավնիները
2002 թվականին Կանն ժամանեց մի թիմ, որն աշխատում էր «Օրուգիշեր զվարճացողները» ֆիլմի վրա. «խուլիգանական» ֆիլմ, որը պատմում է այն մասին, թե ինչպես էր Մանչեսթրում սկիզբ առնում ռեյվը։ Հեղինակները որոշեցին, որ ռոքընռոլը ամենուր ռոքընռոլ է, և երեկույթ կազմակերպեցին տեղի լողափում, որի ընթացքում կռվում էին մեռած աղավնիներով և բոլորի երեսը լղոզում արնաշաղախ փետուրներով։ Սակայն հավաքվածները զվարճացողների խրախճանքը չհասկացան. անվտանգության աշխատակիցները նրանց մահակներով դուրս հրավիրեցին։
Հանդիսատեսը չդիմացավ
Նույն 2002 թվականին արգենտինացի Գասպար Նոեն Կանն ժամանեց «Անդարձելիություն» ֆիլմով, որը մինչ օրս շատերը սարսուռով են հիշում։ Բացի այն, որ ֆիլմը, կարծես, թարսուշիտակ է նկարված, ստիպված ես նաև դիտել` ինչպես են դաժանաբար ծեծում և բռնաբարում Մոնիկա Բելուչիին։ Ոչ բոլորը գնահատեցին այն. մի քանի հարյուր հանդիսատես լքեց ցուցադրությունը, իսկ մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ անմիջապես դահլիճում։
Բացի այդ, Վենսան Քասելի եղբայրը սկսեց հայհոյանքներ հնչեցնել արգենտինացու հասցեին։ Արդյունքում մամուլը եկավ այն եզրակացության, որ «Անդարձելիությունը» կդառնա մի ֆիլմ, որը մինչև վերջ չի դիտի ռեկորդային թվով հանդիսատես։ Թեև, վերջն այնտեղ հենց սկզբում էր...
Լարսի անհաջող կատակը
2011 թվականին Լարս ֆոն Թրիերը կինոփառատոն բերեց «Մելանխոլիա» («Մելամաղձություն») ֆիլմը։ Նա լավ տրամադրություն ուներ։ Եվ որոշեց անկեղծանալ լրագրողների մոտ և նրանց ասաց՝ ես, իհարկե, աջակցում եմ հրեաներին, բայց, համաձայնե՛ք, որ Իսրայելը աշխարհի համար բազմաթիվ խնդիրներ է ստեղծում։ Այնուհետև նա կատակեց, թե իրեն որոշակի չափով նացիստ է զգում և նույնիսկ մի փոքր համակրում է Հիտլերին, բացի այդ հավանում է Շփեյերի ճարտարապետությունը... Դահլիճում ոչ ոք չծիծաղեց։
Վագրերը կարմիր գորգի վրա
Եվ վերջապես... 1957 թվականին Կաննում գովազդում էին «Աշխարհի շուրջ՝ 80 օրում» հոլիվուդյան բլոկբաստերը, որը 5 «Օսկար» է շահել։ Ցանկանալով հատուկ տպավորություն թողնել` կարմիր գորգի վրա կենդանի վագրեր բաց թողեցին, որոնք սկսեցին մռնչալ և հարձակվել հյուրերի վրա։ Բարեբախտաբար, վագրերը ոչ ոքի չսպանեցին, փոխարենը անմարդկային հրմշտոց սկսվեց։