Ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի սպառումն ուղիղ կորելացվում է տնտեսական ակտիվության հետ, և հիմա կարող ենք փաստել` էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների էական նվազումը վկայում է, որ Հայաստանում իրական տնտեսական ակտիվությունն այնքան էլ բարձր չէ, և որևէ աճ չի արձանագրվել, ինչպես ներկայացնում է կառավարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։
«Պետք է հասկանանք, թե ինչով է պայմանավորված տնտեսական աճը, որի մասին խոսվում է։ Մենք գիտենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստան են ժամանել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ, մասամբ նաև Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք մեզ մոտ բացել են ընկերություններ և տարբեր սեկտորներում տնտեսական գործունեություն են ծավալել։ Այդուհանդերձ առավել քան պարզ է, որ այդ սեկտորները (հիմնականում ՏՏ ոլորտի, բրոքերային և զբոսաշրջային ծառայություններ մատուցող բնագավառի) էներգատար չեն, որպեսզի դրանցում նկատվող ակտիվությունն ազդի էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշների վրա»,– ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
Ըստ նրա` բացասական միտումները նախևառաջ պայմանավորված են ընթացիկ տարվա փետրվարին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ, ինչի հետևանքով թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ տնտեսվարող սուբյեկտները սկսել են ավելի խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։
«Բազմիցս խոսվել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգն ավելցուկային է և բարձր օգտակար գործողության գործակից կարող է ապահովել բացառապես սպառման ակտիվացման ճանապարհով։ Երկրորդ հանգամանքն առնչվում է վարկային հսկայական բեռին, որը ներգրավված է մեր էներգետիկ համակարգի արդիականացման գործընթացի մեջ և կազմում է շուրջ 800 միլիոն դոլար»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
Դավթյանի կարծիքով` սա հանգեցնելու է մի իրավիճակի, երբ առաջիկայում, ավելի ստույգ` եկող տարի, մենք նորից կանգնելու ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փաստի առջև։
Նշենք, որ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-ապրիլի սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները։ Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ապրիլին մարտի համեմատ տնտեսական ակտիվությունն ավելացել է 5,3 տոկոսով, սակայն նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 13,9 տոկոսով։ Ստացվում է` պաշտոնական թվերով տնտեսությունն աճում է, սակայն տնտեսական ակտիվության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալները նվազում են։