Դեռ որքա՞ն կարող է աշխատել հայկական ԱԷԿ-ի ռեակտորը. նախնական գնահատականներ

ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Ռեակտորի իրանը կարող է ծառայել մինչև 2039 թվականը, բայց փաստ չէ, որ կայանն էլ կկարողանա նույնքան գործել. դրա համար նաև մյուս հանգույցներն է պետք ստուգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ի ռեակտորը թրծումից հետո մինչև 2039 թվականը կարող է աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ թրծումն իրականացվել է 2021 թվականին (կայանի կապիտալ վերանորոգման շրջանակում), սակայն դրանից հետո դեռ մի քանի ամիս ստուգվում էր ամրությունը։
Ռեակտորի իրանի շուրջ առկա մետաղն իր վրա է ընդունում նեյտրոնների հոսքը (որն առաջանում է միջուկային ռեակցիայի ժամանակ)։ Դրանից ժամանակի ընթացքում այն թուլանում է, սակայն մասամբ հնարավոր է վերականգնել թրծման օգնությամբ։
Բացի փխրուն քայքայման դիմադրության հաշվարկից, անհրաժեշտ է ստուգել նաև ռեակտորի մյուս հանգույցները` ճնշման կոմպենսատորը (որն ապահովում է ռեակտորում ջրի գերբարձր ճնշումը), շոգեգեներատորը։

«Այդ իսկ պատճառով, եթե հաշվի առնենք դանդաղ քայքայման դիմադրությունը, ապա այն կդիմակայի մինչև 2039 թվականը։ Սակայն պետք է գնահատել նաև մի շարք այլ հանգույցների կարողությունները»,- պարզաբանում է ԱԷԿ-ի գլխավոր ինժեները։

Նա հիշեցրեց, որ ռեակտորային կայանքի հանգույցների մի մասը փոխվել է (սառեցման վթարային համակարգ, կառավարման և պաշտպանության համակարգ և այլն)։ Այն սարքավորումները, որոնք անհնար կամ դժվար կլինի փոխարինել, կգնահատվի դրանց աշխատանքային ռեսուրսը։
Այդ ամենը նախատեսվում է իրականացնել 2024-25 թվականներին, որպեսզի մինչև 2026 թվականը վերահսկող կազմակերպությունը բավարար ժամանակ ունենա ուսումնասիրելու և կայանի աշխատանքը երկարացնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Հիմնանորոգման շրջանակում ԱԷԿ-ում դեռ երկու նախագիծ շարունակվում է. նոր բաց բաշխիչ սարքեր են կառուցվում, ինչպես նաև վերանորոգվում են հովացման աշտարակները, որոնցում սառեցվում է շարժանիվային կայանքներից եկող գոլորշին։
Բաց բաշխիչ սարքերի վերաբերյալ մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեն առաջիկա օրերին, իսկ շինարարությունը կտևի մոտ երկու տարի։ Հովացման գործող երկու աշտարակների վերանորոգումն արդեն իսկ իրականացվում է, առաջինի աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հունիսի վերջ, երկրորդինը` մինչև տարեվերջ։ Աշտարակների վերանորոգումից հետո գոլորշու սառեցումն ավելի արդյունավետ կկատարվի, իսկ դա նշանակում է, կայանը կկարողանա առանց գերտաքացման վտանգի ավելի մեծ հզորությամբ գործել։
«Տաշիրը» Հայաստանում ամրանների գործարան է կառուցում և ուզում է թարմացնել Հրազդանի ՋԷԿ–ը
Հիշեցնենք, որ ռեակտորի թրծումն իրականացվել է մի քանի ռուսական ընկերությունների մասնակցությամբ։ Թրծման տեխնոլոգիաների հեղինակը Կուրչատովի ինստիտուտն է, աշխատանքների նախագիծը կազմել է «Գիդրոպրես» բյուրոն, բուն թրծումն իրականացրել է «Ատոմէներգոռեմոնտը», իսկ ամրության վերլուծությունը` «Ցնիիտմաշը» (նշված երեք ձեռնարկություններն էլ գործում են «Ռոսատոմ» կորպորացիայի ենթակայության տակ)։
2015 թվականից իրականացվող հիմնանորոգման շրջանակում կայանում փոխարինվել են նաև այլ սարքավորումներ, այդ թվում` անմիջապես հոսանք արտադրող երկու տուրբոգեներատորները։ Այդ աշխատանքների արդյունքում կայանը վառելիքի նույն ծավալների պարագայում կկարողանա 10%-ով և ավելի էլեկտրաէներգիա արտադրել։ Աշխատանքների մեծ մասն իրականացվել է ՌԴ կառավարությունից ստացած արտոնյալ վարկի շրջանակում, մյուս մասը` ՀՀ պետբյուջեի հաշվին։