ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը և այդ գործում Փարիզի քաղաքապետի անձնական ներգրավվածությունը:
«Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը»,- նշել է Խաչատուրյանը:
Նա մեծապես արժևորել է բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներում հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը։
Հանդիպմանն անդրադարձել է եղել հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, համատեղ ծրագրերի անխափան իրականացման ապահովմանը, Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերով աջակցություն տրամադրելուն, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:
Հիշեցնենք` Փարիզի քաղաքապետը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 26-ին։ Այսօր նա այցելել է Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր։