Ավստրալիայի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը «ներկվել» է հայկական դրոշի գույներով

Ավստրալիայի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով
Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի համար կարևոր ամսաթվի կապակցությամբ Ավստրալիայի տեսարժան վայրերից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի առաջին հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի «Telstra» հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
Ըստ հաղորդագրության` հեռուստաաշտարակը 6 ժամ շարունակ` 17:00-ից մինչև 23:00-ն, եռագույն է եղել։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերի տնօրեն Միքայել Քոլոքոսյանը աշտարակի աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել հայաստանյան պետական տոնի առթիվ ավստրալիահայ համայնքին միանալու համար:
«Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի համար կարևոր ամսաթվի կապակցությամբ Ավստրալիայի տեսարժան վայրերից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է, որ թեև Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը երեք տարի, բայց աշխարհի առաջին ժողովրդավարական երկրներից էր, որի խորհրդարանում ներկայացված էին կին պատգամավորներ, երկրում հիմնադրվեց ազգային պետական համալսարանը, ինչը հետագայում անկախ Հայաստանի Հանրապետություն կերտելու հիմք դարձավ։
Հիշեցնենք` Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Հանրապետության օրվա առաջին տոնակատարություններն անցկացվեցին Արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։