44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև. Արցախի նախագահի ուղերձը

Արայիկ Հարությունյան
Հայ ժողովրդին պատուհասած հերթական աղետը հաղթահարելու համար Արցախի նախագահը կոչ է անում յուրաքանչյուրին իր կարողությունների սահմանում անել հնարավորը` հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում, Արցախում ու սփյուռքում ապրող հայերին։
«Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով: Եվ չնայած ճակատագրի ծանր հարվածներին` միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը»,– նշել է Արցախի նախագահը։
Նա միաժամանակ արձանագրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրել է բարդագույն խնդիրների առջև:

«Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը: Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի Առաջին հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար»,– ասված է ուղերձում։

Հայ ժողովրդին պատուհասած հերթական աղետը հաղթահարելու համար Արցախի նախագահը կոչ է անում յուրաքանչյուրին իր կարողությունների սահմանում անել հնարավորը` հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի:
Հիշեցնենք` Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Հանրապետության օրվա առաջին տոնակատարություններն անցկացվեցին Արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։