Այսօր կեսօրին` մոտավորապես ժամը 13-ին, «Դիմադրություն» շարժման կողմնակիցները փակել էին Սոթք-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը` նշելով, որ այն բավական բազմամարդ է եղել։
Ակցիային մասնակիցների մեծամասնությունը նախկին Գեղամասար համայնքի բնակիչներն էին (խոշորացումից հետո Գեղամասարը մտել է Վարդենիս համայնքի մեջ)։ Մասնակցում էր նաև Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ընդդիմության կողմնակիցները փակել էին Սոթք-Քարվաճառ միջպետական ճանապարհը։
© Sputnik / Stringer
Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից պահանջեց բացել միջպետական ճանապարհը։ Հակոբ Ավետյանն ասաց, որ իրենք իրենց պահանջների կատարման համար խաղաղ ակցիա են իրականացնում։
Կարճ ժամանակ անց ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանին և Վարդենիսի «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանին։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ընդդիմության կողմնակիցները փակել էին նաև Երևան-Սևան ճանապարհը, որտեղ լարված իրավիճակ էր ստեղծվել։
Ընդդիմության կողմնակիցները փակել էին Սոթք-Քարվաճառ միջպետական ճանապարհը։
© Stringer
Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ բացի մայրաքաղաքից, այսօր անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու նաև մարզերում։
Այսօր երեկոյան հանրահավաք նախատեսված չէ։