ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հրազդանի ՋԷԿ–ի վրա ուզում են գազի նոր գեներատոր տեղադրել` հներից 4–ը թողնելով պահուստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կայանի գլխավոր ինժեներ Տիգրան Մարտիրոսյանը։
1975 թվականին ՋԷԿ–ում 810 մեգավատտ հզորությամբ 4 շարժանիվ է աշխատել։ Սակայն ԽՍՀՄ–ի փլուզումից հետո հոսանքի ինքնարժեքը ջերմակայաններում խիստ աճեց, քանի որ գազը սկսեց թանկանալ, իսկ 70-ականների տուրբիններն ավելի շատ են գազ սպառում, քան ժամանակակիցները։ Այդ իսկ պատճառով այս կայանում էլեկտրաէներգիան հայաստանյան ամենաթանկ էլեկտրաէներգիան էր։ Այն միացնում էին միայն այն ժամանակ, երբ ցանցում անհրաժեշտություն էր առաջանում լրացնել հոսանքի պակասը (պահպանել հավասարակշռությունը)։
Այժմ Երևանի ՋԷԿ–ն է հավասարակշռողի դեր կատարելու, որտեղ 2010 թվականից նոր էներգաբլոկ է գործում` ժամանակակից, ավելի արդյունավետ սարքավորումով։
Վերջին տարիներին երկրում մի քանի նոր ջերմակայաններ են սկսել գործել (2010 թվականից Երևան ՋԷԿ–ի նշված էներգաբլոկը, 2013–ից` Հրազդանում «Գազպրոմ-5»–ը, նախորդ տարվա նոյեմբերից` ArmPower կայանը), այդ պատճառով Հայաստանի էներգահամակարգն այլևս ջերմային կայանների անհրաժեշտություն չունի։
«Հրազդան» ՋԷԿ
© Sputnik / Aram Gareginyan
Սակայն դա, ինչպես նշում է Մարտիրոսյանը, տեսականորեն, իսկ գործնականում մյուս կայանների չնախատեսված պարապուրդները կարող են էներգահամակարգում բացեր առաջացնել, որոնք ինչ-որ մեկը պետք է լրացնի։
Նա հիշեցրեց, որ 2022 թվականին պետական կարգավորիչի հաստատված պլանի համաձայն` Հրազդանի ՋԷԿ–ը ընդամենը 60 մեգավատտ պետք է արտադրեր, սակայն 5 ոչ լրիվ ամիսների ընթացքում արդեն 260 մեգավատտ է արտադրել, քանի որ ArmPower էլեկտրակայանը (Երևանի ՋԷԿ–ի) արտապլանային վերանորոգման է կանգնած, իսկ ԱԷԿ–ում դեռ պլանային վերանորոգումը չի ավարտվել։
Այնուամենայնիվ, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագրի համաձայն, որը Հայաստանում փուլ առ փուլ ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից, Հրազդան ՋԷԿ–ի համար ուզում են չեղարկել էլեկտրաէներգիայի վաճառքի ֆիքսված սակագինը։ Այդ դեպքում կայանն ինքը պետք է գնորդ փնտրի իր ոչ էժան էլեկտրականության համար։
Մարտիրոսյանը նշեց, որ այնուամենայնիվ կայանի սեփականատերը («Տաշիր» ընկերությունների խումբը) այն փակելու մտադրություն չունի։ Այստեղ ուզում են 64 մեգավատտ հզորությամբ Siemens ապրանքանիշի նոր տուրբին տեղադրել։
Այդ հզորության մեծ մասն (50 մեգավատտ) օգտագործվելու է տեղում, քանի որ «Տաշիր» ընկերությունը կայանից քիչ հեռու նպատակ ունի մետաղագլոցման (ամրանների և անկյունակների) գործարան կառուցել։
«Ինչ վերաբերում է մնացած հզորությանը, ապա տարբեր կայաններում կարող են անսպասելի պարապուրդներ առաջանալ, և դրանց ժամանակավոր փոխարինում անհրաժեշտ լինի։ Ջերմակայանները նման խնդիրները շատ լավ են լուծում, քանի որ շատ արագ միանում են ցանցին։ 64 մեգավատտ վերոնշյալ գեներատորը, որը նախատեսում ենք տեղադրել, մի քանի րոպեում կարող է զրոյից 40 մեգավատտ հզորության հասնել», – հավելեց Մարտիրոսյանը։
Հրազդան ՋԷկ–ը
© Sputnik / Aram Gareginyan
Կայանում չեն ցանկանում ապամոնտաժել նաև 4 հին տուրբինները` համարելով, որ ծայրահեղ դեպքերում դրանք կարող են միացվել ցանցին։
Նոր գազատուրբինի գնման և տեղադրման համար տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն կազմվել է (նախնական տվյալներով` շուրջ 50 մլն եվրո անհրաժեշտ կլինի այն գնելու համար, մոնտաժը` ևս տասնյակ միլիոններ կպահանջի)։