ՌԴ կառավարությունը ցանկանում է վերացնել duty free-ի սահմանափակումները ԵԱՏՄ տարածքում

Duty free
Փաստաթուղթը մշակվել է արտաքին պատժամիջոցային ճնշման պայմաններում ռուսական տնտեսության զարգացումն ապահովելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որն առանց մաքսատուրքի առևտրի խանութներում (duty free) վերացնում է ապրանքների իրացման սահմանափակումն այն ուղևորների համար, որոնք Ռուսաստանից մեկնում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ: Այս մասին նշված է երկրի խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում:
Այժմ ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Ռուսաստանից, ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքին համապատասխան, ԵԱՏՄ մի երկրից մյուս երկիր մեկնող ֆիզիկական անձանց թույլատրվում է ապրանքների իրացումը առանց մաքսատուրքի առևտրի սրահներում:
Մաքսային կարգավորման մասին ՌԴ-ում գործող օրենքով՝ առանց մաքսատուրքի աշխատող առևտրի խանութները, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ ՌԴ-ից ԵԱՏՄ այլ անդամ երկիր մեկնողների համար, ռուսական օդանավակայաններում պետք է տեղակայվեն այնպես, որ բացառվի Ռուսաստանից մեկնող ֆիզիկական անձանց ապրանքների իրացման հնարավորությունը։

«Տվյալ նորմից բխում է ՌԴ-ից միության այլ անդամ պետություն մեկնող ֆիզիկական անձանց համար առանց մաքսատուրքի առևտրի խանութներում ապրանքների իրացման արգելքը»,- նշում է կառավարությունը:

Այս հարցում միատեսակ մոտեցում ձևավորելու նպատակով՝ նոր օրինագիծը Ռուսաստանից ԵԱՏՄ այլ երկիր մեկնող մարդկանց թույլ է տալիս առանց մաքսատուրքի առևտրի խանութներում ապրանքների իրացումը։ Դա թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ստեղծել Ռուսաստանի Դաշնությունում և միության մյուս անդամ պետություններում։