ՌԴ դեսպանը հանդիպել է Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին և դասախոսներին

ՌԴ դեսպանը հանդիպել է Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին և դասախոսներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրդի հուշահամալիրում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Սերգեյ Կոպիրկինը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրդի հուշահամալիրում
Կոպիրկինն այցելել է Կապան և հանդիպել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
«Դեսպանն իր ելույթում անդրադարձել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների արդիական հարցերին` անվտանգության ոլորտի համագործակցությանը, տարածաշրջանային իրադրության կարգավորման խնդիրներին, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում` ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում,մեր երկրների փոխգործակցությանը»,– նշված է հաղորդագրությունում:
ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիք և ծանոթացել սահմանային իրավիճակին
Դեսպանը նշել է, որ ընթացիկ տարում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում իրականացվում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված համալիր միջոցառումներ: Դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Սյունիքի մարզը ներգրավված է մեծ թվով մշակութային և կրթական ծրագրերում, որոնք իրականացվում են ռուսական կողմի աջակցությամբ: Ելույթից հետո Ռուսաստանի դեսպանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Կոպիրկինը նաև առանձին հանդիպում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ նրանց հետ քննարկելով կրթության ոլորտի արդի միտումներն ու խնդիրները։