ՔՊ–ն չի մասնակցի ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին

ՔՊ–ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես էին եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` նշելով, որ «ՔՊ–ն չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին»։
Պատգամավորը գրել է, որ այժմ, առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով:

«Այդ նպատակին է միտված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ»,–գրել է Հովհաննիսյանը։

Պատգամավորը վստահ հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել խաղաղության օրակարգը առաջ մղելու համար:
Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։