Փաշինյանը Կոպիրկինի հետ խոսել է ԼՂ կարգավորման գործում Մինսկի խմբի ձևաչափի մասին

Սերգեյ Կոպիրկինն ու Նիկոլ Փաշինյանը
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում այդ ձևաչափի կարևորությունը:
Սերգեյ Կոպիրկինն ու Նիկոլ Փաշինյանը
Կորպիրկինն իր հերթին շեշտել է, որ իրենց նպատակն է ամեն ինչ անել երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։
ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։