ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։
ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։