ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հնարավոր է` Իրանն ու Ռուսաստանը փոխանակման համակարգով առևտուր անեն, ինչը Թեհրանին թույլ կտա պողպատ ներմուծել, իսկ Մոսկվային՝ ավտոպահեստամասեր ու գազային տուրբիններ։ Տեղեկությունը հայտնում է Press TV–ն՝ հղում անելով Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին:
Ըստ լրատվամիջոցի` առևտրատնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի հանդիպման շրջանակում նախարարն ասել է, որ երկու պետությունները համաձայնել են որոշ ապրանքների, այդ թվում` ռուսական պողպատի բարտերային առևտուր անել: Նրա խոսքով՝ Իրանը մետաղագործության ու հանքարդյունաբերության համար հումք ներկրելու կարիք ունի։ Ֆաթեմի Ամինն ընդգծել է, որ ներքին պահանջարկը բավարարելու համար Թեհրանը նաև ցինկի, կապարի ու ալյումինի կարիք կունենա։
Նախարարն ավելացրել է, որ իր երկիրը կարող է ռուսական մետալուրգիական արտադրանքի դիմաց ավտոմեքենաների պահեստամասեր ու գազային տուրբիններ արտահանել: Ըստ նրա` իրանական որոշ ընկերություններ արդեն ռուսական էլեկտրակայանների համար գազատուրբիններ մատակարարելու և վերանորոգելու պայմանագրեր են կնքել: