ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԱԺ պատգամավորներ` «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին ու «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանին կասկածում են հավաքի մասնակիցներին գումար բաժանելու մեջ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց Արծվիկ Մինասյանը։
«Մայիսի 6-ին հարուցվել է մի քրեական գործ, որով իբրև ես և Տարոն Մարգարյանը գումար ենք բաժանել Արմավիրի մարզում»,- ասաց Մինասյանը։ Նա հավելեց, որ գործով զբաղվող փաստաբանը մանրամասներ կներկայացնի։
«Դիմադրություն» շարժման բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր պարբերաբար ակցիայի մասնակիցներին փող բաժանելու մեղադրանքով քրգործեր են հարուցվում, մարդիկ են կալանավորվում։ Մայիսի 8-ին, օրինակ, հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։
Կալանավորված երկու քաղաքացիները ՀՅԴ անդամներ են։ Մայիսի 7-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել այն մասին, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։
Այդ առիթով ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կատարվածն «ահաբեկչություն, մարդաորսություն» է, որով, սակայն հնարավոր չի լինելու «կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։ Նշվում է նաև, որ ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով՝ «ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը»։
Իսկ մայիսի 14-ին 2 ամսով կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նրան նույնպես մեղադրում են ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու համար։