ՀՀ-ում կապիկի ծաղկի դեպք չի հայտնաբերվել. ԱՆ-ի պնդմամբ` վարակի ներթափանցման ռիսկը ցածր է

Կրկին շետվում է, որ վարակի փոխանցումը պահանջում է երկարատև սերտ շփում ախտանշաններ ունեցողի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում «կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքեր մայիսի 25-ի դրությամբ չեն արձանագրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ վարակի ներթափանցման ռիսկը գնահատվում է ցածր, քանի որ վարակի փոխանցումը պահանջում է երկարատև սերտ շփում ախտանշաններ ունեցող անձի հետ:

«Պայմանանավորված այն հանգամանքով, որ աշխարհում արձանագրվում են «կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքեր, ԱՆ-ն դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Միաժամանակ, բժշկական կազմակերպություններին ներկայացվել է շրջաբերական՝ «կապիկի ծաղիկ» հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով զգոնությունը բարձրացնել ուղղությամբ»,- նշել են գերատեսչությունից:

Հայտնել ենք, որ հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկի ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը` հիվանդության մուտքը կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով մայիսի 28-ից մինչև նոյեմբերի 28-ը արգելվել է ՀՀ տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը։ Արգելվել է նաև կրծողների` Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա։ Կապիկի ծաղիկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։