ՀՀ նախագահը Դավոսի համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Վահագն Խաչատուրյան
Հանդիպումներում Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարարների հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպումներում նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Նա կարճատև զրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Վահագն Խաչատուրյանի և Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ օրակարգին, առանձնահատուկ ընդգծվել տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը:
Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ալ Հաջրաֆի, «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ալեն Բեյջանիի, «Mitsubishi Heavy Industries» ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ:
Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Խաչատուրյանը հարցազրույց է տվել գերմանական «Deutsche Welle»-ին։ Հարցազրույցում նա խոսել է Հայաստանում բարեփոխումների, տնտեսական քայլերի մասին, ներկայացրել տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: