Հայաստանը շահագրգիռ է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն իր ելույթում նաև նշել է, որ այսօրվա նիստի օրակարգում է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանը շահագրգիռ է Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքմամբ։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային համագործակցության շրջանակում կարևորվում է երրորդ երկրների գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների ու համագործակցության շղթաների կառուցման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը` այդ տեսակետից հատկապես կարևորելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
«Թեհրանի հետ միջանկյալ համաձայնագրի գործողության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները»,- ասել է նա։
ՀՀ վարչապետն իր ելույթում նաև նշել է, որ այսօրվա նիստի օրակարգում է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։
«Կարևոր է այսուհետ ևս հարստացնել միջազգային օրակարգը, որպեսզի ինչպես միության անդամ երկրները, այնպես էլ մեր գործընկերները տեսնեն փոխշհավետ համագործակցության շոշափելի արդյունքները»,- ասաց Փաշինյանը։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի 3-ամյա ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն էր տվել համաձայնագրի ժամկետը ևս 3 տարով երկարաձգելու առաջարկությանը` մինչև լիիրավ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։