Եվրոպայի բռնցքամարտի առաջնություն. Համբարձում Հակոբյանը դուրս մնաց պայքարից

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ մեդալն ապահովելուն շատ մոտ էր Համբարձում Հակոբյանը, բայց ուժերը մինչև մենամարտի ավարտը չբավականացրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր քառորդ եզրափակիչում հաղթանակին շատ մոտ էր 80 կգ քաշային կարգում հանդես եկող Համբարձում Հակոբյանը, բայց միավորներով զիջեց խորվաթ Լուկա Պլանտիչին։
80 կգ քաշային կարգում մոլդովացի Դմիտրի Կոցյուգին հաղթելուց հետո Համբարձում Հակոբյանը կիսաեզրափակիչ մտնելու համար մենամարտեց խորվաթ Լուկա Պլանտիչի հետ։ Առաջին ռաունդում անհաշտ ու երկկողմանի հարվածներով մենամարտ ընթացավ, ու մրցավարները 3։2 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։ Երկրորդ ռաունդում էլ հայ բռնցքամարտիկն անընդհատ առաջին համարով էր աշխատում ու հարվածների փոխանակման գնում։ Ընդ որում, մրցակիցը դեմ չէր դրան։ Երկրորդ ռաունդում էլ մրցավարները նույն՝ 3։2 հաշվով հաղթանակը շնորհեցին Պլանտիչին։

Վճռական դարձավ երրորդ ռաունդը։ Հարվածային անհավանական ինտեսիվության պայմաններում շատ կարևոր դարձավ բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստականությունը։ Որոշակի հոգնածություն նկատվեց երկու բռնցքամարտիկների մոտ։ Ու հայ բռնցքամարտիկը բաց թողեց մեկ ուժեղ հարված, որից հետո գրանցվեց նոկդաուն։ Այս գործոնը կարևոր դարձավ մենամարտում։ Հաղթանակը շնորհվեց Լուկա Պլանտիչին։

Այսօր քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերն են անցկացնելու Արթուր Բազեյանը (57կգ), Գուրգեն Մադոյանը(67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը(86 կգ), Նարեկ Մանասյանը (9 2կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Այսօր ավելի վաղ 63.5կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց չեխ Պետր Նովակի հետ ու հաղթանակի հասավ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: