ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր 67 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանը հավասար մենամարտում միավորներով պարտվեց Վրաստանը ներկայացնող Լաշա Գուրուլիին։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լաշա Գուրուլին շատ լավ հասկանում էր, որ Մադոյանը, որը հիանալի մենամարտ էր անցկացրել 1/8 եզրափակիչում, գործելու է առաջին համարով։ Կառուցելով իր մենամարտը հակահարվածների վրա, Գուրուլին շատ հաճախ փաթաթվելով` Մադոյանին զրկում էր գրոհի տեմպի արագացումից ու հարվածներ անցկացնելու հնարավորությունից։ Եվ աշխատելով երկրորդ հարվածով` վրացին կարողացավ իր նպատակին հասնել ու նվազագույն առավելությամբ հաղթանակի հասավ։
Այսպիսով` առջևում մենք ունենք ևս երկու բռնցքամարտիկներ, որոնք պայքարելու են մեդալի համար։ Ռաֆայել Հովհաննիսյանի (86 կգ) մրցակիցն է լինելու բելգիացի Վիկտոր Շելեստրաետեն, և Նարեկ Մանասյանը (92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրն է վիճարկելու հայազգի, Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ։
Հավելենք, որ կիսաեզրափակիչի ուղեգիր ու Եվրոպայի առաջնության առնվազն բրոնզե մեդալ ապահովել են Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը։ Դավիթ Չալոյան-Այուբ Ղադֆա քառորդ եզրափակիչ մենամարտի արդյունքը բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիան բողոքարկել է և, չի բացառվում, որ այն բավարարվի։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: