ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր գերծանր քաշային կարգում մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդ Դավիթ Չալոյանը ժամանակից շուտ պարտվեց Իսպանիան ներկայացնող Այուբ Ղադֆային։
Դավիթ Չալոյանից մենք միայն հաղթանակ էինք սպասում ոչ միայն իսպանացու հետ մենամարտից։ Այս առաջնությունում էլ երեկ տոնած հաղթանակը Յուրայ Սոլդոյի նկատմամբ ապացուցել էր, որ Չալոյանը պատրաստ է նոր նվաճմանը։ Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Միգուցե հայ բռնցքամարտիկը թերագնահատել էր մրցակցին։ Համենայնդեպս առաջին ռաունդում, երկու անգամ հայտնվելով նոկդաունում, Դավիթին ռինգի մրցավարը թույլ չտվեց շարունակել մենամարտը։
Հարվածների փոխանակման գնալով` Չալոյանը իհարկե ակնկալում էր, որ ինքը ժամանակից շուտ հաղթանակ կտանի։ Սակայն նախ բաց թողեց կողային հուժկու հարվածը Ղադֆայի կողմից, որից հետո դժվարությամբ մնաց ոտքերի վրա։ Իսկ երկրորդ դեպքում էլ, չնայած Չալոյանը ցույց էր տալիս, որ պատրաստ է մենամարտը շարունակելուն, ռինգի մրցավարը այլ կարծիքի էր։ Ի դեպ մրցավարի որոշումը Չալոյանի մարզիչների դժգոհությունը առաջացրեց։ Բայց արդյունքը փոխել հնարավոր չէր։
Մրցավարի որոշումից հետո երկրպագուները, որպես բողոքի նշան, տրիբունաներից շշեր նետեցին ռինգ։ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը և ֆեդերացիան բողոքարկել են մրցավարի որոշումը։
Մրցավարի որոշումը Չալոյանի մարզիչների դժգոհությունը առաջացրեց
Ստացվում է, որ ցերեկային մրցահերթում հանդես եկած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից միայն Հովհաննես Բաչկովին է հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ։ Առջևում՝ երեկոյան մրցահերթում, մենք դեռևս ակնկալիքներ ունենք Արթուր Բազեյանից (57 կգ) որը մրցելու է թուրք Բաթուհան Չիտֆչիի հետ, Գուրգեն Մադոյանից(67 կգ), որի մրցակիցն է լինելու վրացի Լաշա Գուրուլին և Ռաֆայել Հովհաննիսյանից(86 կգ) որի մրցակիցն է լինելու բելգիացի Վիկտոր Շելեստրաետեն, և Նարեկ Մանասյանից(92 կգ) որը մրցելու է մեր հայրենակից, Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: