ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին: Տեղեկությունը հայտնում է Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը։
«Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ժամանակ իրագործած սխրանքի համար Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Օմսկի բնակիչ Անդրանիկ Սարգսի Գասպարյանին»,- գրել է Բուրկովը Telegram-ում:
Հրամանատարն իր բրիգադի հետ կարողացել է գրավել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։ Երեք օր գտնվելով շրջափակման մեջ և օդային ու հրետանային հարվածների տակ` Գասպարյանի բրիգադը թույլ չի տվել, որ հակառակորդի ուժերն առաջ շարժվեն։
Նրանք հետ են մղել բոլոր գրոհները և ուկրաինական զինված ուժերին պատկանող 23 միավոր զրահատեխնիկա ոչնչացրել՝ պահելով կամուրջը։
«Անդրանիկ Գասպարյանին շնորհակալություն եմ հայտնում սխրանքի, հավատարմության և նացիզմի դեմ հերոսական պայքարի համար։ Նա շարունակում է կատարել զինվորական պարտքը։ Մեր ժամանակի հերոսների մասին անպայման պետք է պատմել մատաղ սերնդին»,- նշել է նահանգապետը։
Անդրեևսկի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է ապագա փոխգնդապետը, առաջիկայում նրա անունով պատվոտախտակ կտեղադրվի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։