Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը

ԱՄՆ դեսպանը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Փաշինյանն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:
Վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության խաղաղության հաստատման օրակարգով առաջնորդվելու դիրքորոշումն ու և բարձր գնահատել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին:
Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: