Թվային մեկուսացումն անարդյունավետ է. Մհեր Գրիգորյանը՝ եվրասիական համաժողովի մասնակիցներին

Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետի խոսքով՝ թվային ինքնիշխանության ապահովման անհրաժեշտ պայմաններն են տեղեկատվության հավաքագրման, փոխանակման, պահպանման և տվյալների վերլուծության հարցերում ճիշտ մոտեցումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ գոյություն ունեցող իրողություններում թվային մեկուսացումն անարդյունավետ ու անիմաստ է։
«Պետք է նշեմ, որ թվային տրանսֆորմացիան ռազմավարական, խարիսխային առաջնահերթություն է մեզ համար, և դա վերաբերում է ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածի զարգացմանը», - ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ արդեն կարելի է փաստել, որ թվային տրանսֆորմացիան փոխում է պետական կառավարման մոտեցումները։ Հայաստանի իշխանությունները եզրակացրել են, որ թվային օրակարգը կզարգանա, եթե կարողանան բարեփոխումներ իրականացնել թվային կառավարման հայեցակարգից թվային հասարակության և թվային տնտեսության զարգացման անցնելու տրամաբանությամբ:
«Այս կարևոր բարեփոխման բոլոր հիմնական շահառուները պետք է դառնան դրա ակտիվ մասնակիցը, և մենք պետք է հենց դրան ձգտենք », - ասել է Գրիգորյանը:
Պետք է ներդաշնակորեն շարժվել համապատասխան ենթակառուցվածքների զարգացման, որակյալ կապի, թվային անվտանգության համակարգերի և որակապես այլ կանոնակարգերի ու իրավական ակտերի ուղղությամբ ։ Ընդ որում` կանոնակարգերի և ակտերի բովանդակությունը պետք է թելադրվի մեծամասամբ թվային լավ լուծումներով, ոչ թե հակառակը, ինչը կարող է հանգեցնել անարդյունավետ փաստաթղթային ռեժիմի ։
Այս համատեքստում, իհարկե, հսկայական նշանակություն ունի կրթական համակարգը, որը պետք է սերունդներին հետևողականորեն նախապատրաստի և տրամադրի թվային փոխակերպման:

«Ես չեմ կարող չանդրադառնալ թվային ինքնիշխանության և գլոբալ թվային ինտեգրացիոն գործընթացների հարցերին։ Գոյություն ունեցող իրողություններում թվային մեկուսացումը անարդյունավետ է և հատուկ իմաստ չունի: Մենք բոլորս պետք է ընտրենք լավագույն մատչելի պրակտիկան. Առավել ևս, որ դա ուղղակիորեն վերաբերում է անդրսահմանային փոխգործակցությանը։ Այդ հարցերում մոտեցումների հավասարակշռությունն ու համարժեքությունը մեծ նշանակություն ունի»,- նշել է փոխվարչապետը։

Նրա խոսքով ՝ թվային ինքնիշխանության ապահովման անհրաժեշտ պայմանները ճիշտ մոտեցումներն են տեղեկատվության հավաքագրման, փոխանակման, պահպանման և տվյալների վերլուծության հարցերում:
Թվային դարաշրջանի պայմաններում կարևոր նշանակություն են ստանում կիբեռանվտանգության հարցերը։
Այսպիսով` տնտեսության և առևտրի ոլորտում թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու առաջխաղացումը իրական և ոչ այլընտրանքային անհրաժեշտություն է բոլորի համար, և միայն այդ ուղղությամբ շարժվելով կարելի է նվազագույնի հասցնել և նույնիսկ վերացնել գոյություն ունեցող խոչընդոտները, ինչը շատ կարևոր է տնտեսական կապերի արդյունավետության բարձրացման, առևտրում ծախսերի և կոոպերացիոն շղթաների կրճատման համար:
Հայաստանը, ըստ Գրիգորյանի, բաց է արդյունավետ փոխգործակցության և թվային համատեղ նախագծերի առաջմղման համար։