Նիստերը դռնբաց լինեն, մենք էլ մասնակցենք դրանց. զոհվածների հարազատների պահանջը` ԲԴԽ-ին

Կարին Տոնոյան
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են նաև, որ իրենց երրորդ անձի կարգավիճակ տան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Զոհված զինծառայողների հարազատներն այս պահին ԲԴԽ-ի շենքի մոտ են. նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։
Տուժողի իրավահաջորդ, զոհվածի մայր Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծնողների նկատմամբ բավական կամայական մոտեցում կա, և հենց սկզբից դատավորն այնպիսի վերաբերմունք էր արտահայտում, որից պարզ էր՝ իրենց ներկայությունը նիստին ցանկալի չէ։
«Մեր պահանջն է, որ պարտադիր մասնակցենք նիստերին, և մեզ երրորդ անձի կարգավիճակ տրվի, որ կարողանանք հարցեր տանք։ Մենք շատ բան ունենք ասելու, քանի որ այն փաստերը, որին մենք ենք տիրապետում, ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ դատավորը չեն տիրապետում։ Հարցն այն է, որ յուրաքանչյուր ծնող գնացել է իր երեխայի դեպքի հետևից, և շատ փաստեր ունեն, որ պետական դավաճանություն է կատարվել»,- ասաց Տոնոյանը։
Զոհված զինծառայողների հարազատները ԲԴԽ-ի շենքի մոտ
Նա նշեց, որ ԲԴԽ-ի շենքի մոտ են հավաքվել, որպեսզի այնտեղից հրահանգ իջեցվի ծնողների պահանջը բավարարելու, քանի որ գաղտնիք չէ` ամեն ինչ հրահանգով է իրականացվում։ Տոնոյանը նշեց` եթե ԲԴԽ-ն է նշանակել այս գործով դատավորին, ապա նա էլ պետք է կարգավորի այս վիճակը։
Հավելենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները նույնպես ԲԴԽ-ի մոտ են` զոհվածների ծնողների պահանջին աջակցելու համար։
Տոնոյանն ավելի ուշ հայտնեց, որ ԲԴԽ-ի ներկայացուցիչն առաջարկել է 5 անձով վերև բարձրանալ, սակայն ծնողները պահանջում են, որ նրանք ներքև իջնեն և զրուցեն բոլորի հետ։