Միրզոյանը Կասպրշիկի հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին

Միրզոյանը Կասպրշիկի հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին
ԱԳ նախարարը զրույցի ընթացքում վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը»,– ասվում է հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր: