ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց իր ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի անդրանիկ մրցակիցը Անգլիայից Ժոզեֆ Թաերսnն էր: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ: Իր երկրորդ մենամարտում պարտություն կրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, հաղթանակ տոնեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), իսկ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում:
Ավելի ուշ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմրցի Ֆինլանդիան ներկայացնող Կարլ Բենջամին Էրիկսոնի հետ, իսկ գերծանր քաշում պայքարի մեջ կմտնի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկը:
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: