ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանն այսօր իր առաջին մենամարտում ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ սլովակ Դավիթ Միխալեկի նկատմամբ։
Մանասյանը առաջին ռաունդի առաջին իսկ րոպեի ընթացքում և՛ հետախուզում կատարեց, և՛ անցավ վճռական գործողությունների։ Հայ բռնցքամարտիկի հարվածներն այնքան շատ էին ու բազմազան, որ Միխալեկը չէր հասցնում կառուցել իր պաշտպանությունը կամ խուսափել հարված բաց թողնելուց։ Այս ամենի առաջին ականատեսը ռինգի մրցավարն էր, որը՝ տեսնելով Մանասյանի բացահայտ առավելությունը և Միխալեկի անօգնական վիճակը, ժամանակից շուտ ազդարարեց հայ բռնցքամարտիկի հաղթանակը։
Այսպիսով, այսօր ռինգ դուրս եկած հայ բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ տոնեցին։ Մայիսի 27-ի ցերեկն առաջնությունում իրենց ելույթները կսկսեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (51 կգ)։ Նրանցից առաջինը հանդիպելու է Վրաստանը ներկայացնող Սախիլ Ալախվերդովին, իսկ երկրորդը՝ Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մարտին Սալվադոր Մոլինա (Իսպանիա) զույգի հաղթողին։ Ցերեկային մրցահերթում իր մենամարտը կանցկացնի Հովհաննես Բաչկովը (63.5), որի մրցակիցն է չեխ Պետեր Նովակը
Երեկոյան մրցահերթում Արթուր Բազեյանը (57 կգ) մրցելու է Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) - Բաթուհան Չիտֆչի (Թուրքիա) զույգի հաղթողի հետ։ Բոլոր երեքն էլ անցկացնելու են քառորդ եզրափակիչ փուլի մենամարտեր, ինչը ենթադրում է, որ հաղթելու դեպքում միանգամից ապահովելու են բրոնզե մեդալ։ Իր երկրորդ մենամարտը կանցկացնի նաև 67կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որի մրցակիցն է լինելու վրացի Լաշա Գուրուլին։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: