ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 2022թ-ի մայիսի 25-ին Երևանի ժամանակով ժամը 22։35-ին ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության օդանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն։ Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ մինչև 2023թ-ի ավարտը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Կենտրոնի գլխավոր նպատակը, նրա խոսքով, կլինի տիեզերական արբանյակի կառավարումն ու տիեզերական լուսանկարների ստացումը։
«Արբանյակից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2020թ-ին։ Օրենքով սահմանվում են տիեզերական գործունեության կանոններն ու կանոնակարգերը, անվտանգության, լիցենզավորման կարգերը։