Հայաստանի բերդերն ու ամրոցները կվերականգնվեն` որպես պետականության խորհրդանիշներ

Լոռի Բերդ ամրոց
Առաջինը կվերանորոգվի Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը որոշել է վերականգնել Հայաստանի բերդերն ու ամրոցները` որպես պետականության խորհրդանիշներ։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից գումարներ հատկացնել վերաբաշխման միջոցով։
Առաջինը կնորոգվի Լոռի Բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածը։ Որոշումն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։ Աշխատանքների իրականացման համար հատկացվեց 14 990 700 դրամ։
Որոշման նախագծում նշվում է, որ, հաշվի առնելով հարցի հրատապությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն արդեն կնքել է ամրոցի պարսպի ամրակայման և մասնակի վերականգնման կապալային աշխատանքների և այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման պայմանագրերը:
Նշվում է նաև, որ դրանք պայմանական են, այսինքն` ենթակա են լուծման, եթե դրանք կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում:
Ընդ որում` պայմանագրերը կնքվել են այս տարվա փետրվարին, ու դրանց ժամկետն ավարտվում է օգոստոսին։ Այլ կերպ ասած` եթե առաջիկա 3 ամսվա ընթացքում կառավարությունը չվճարի տվյալ ընկերություններին, պայմանագրերը առ ոչինչ կճանաչվեն։
Հայաստանում կնոջը «պատկանող» միակ ամրոցի պատմությունը